Արձակագիր Լեւոն Խեչոյանի Գերմանիայից Հայաստան վերադարձի հարցը լուծվում է, հնարավոր է առաջիկա օրերին նա արդեն Հայաստանում լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ գրողին օգնելու համար քայլեր ձեռնարկվում են թե Կառավարության, թե Նախագահականի կողմից, համապատասխան գումար են հատկացնելու, որպեսզի նրան տեղափոխեն Հայաստան: ՀԳՄ նախագահի փոխանցմամբ՝ այժմ Լեւոն Խեչոյանի որդին նախարարությունների հետ համատեղ հոր՝ Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերն է դասավորում: Լեւոն Խեչոյանը Գերմանիայում գտնվում է կնոջ հետ, առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ: «Երկո ւօր առաջ ասել էին, որ լավ է, բայց երեկ հայտնի դարձավ, որ վիճակը վատացել է: Այնտեղի բժիշկները խորհուրդ են տվել նրան տեղափոխել Հայաստան»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հանձնարարել է լուծել խնդիրը:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր:




























