Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ՊԵԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական միության ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցիչները: Նպատակն էր դիտարկել անցումային կետերի արդիականացման ծրագրի գրանցած առաջընթացն ու քննարկել այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները: Խորհուրդը նախագահող Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկարատեւ աշխատանքի արդյունքում հաստատվել են անցումային երեք կետերի էսքիզային նախագծերը, եւ արդեն կատարվել է շինարարական որոշակի աշխատանք: «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերին սարքավորումների տրամադրման եւ դրանց կարողությունների զարգացման նախագիծն է ներկայացրել ՄԱԶԾ Սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա նշել է նաեւ այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` 2014թ.-ից նախագիծը կյանքի կոչելու համար:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային եւ վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ը նախատեսում է անցակետերը համալրել ավտոմեքենաների որոնման եւ վերահսկման համակարգերով եւ կիրառել «Մեկ պատուհան» սկզբունքը: Դա թույլ կտա պարզեցնել սահմանային եւ մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը: