Բելառուսում 25-ամյա Ալեքսանդր Գրունովը ուսանողուհի Նատալյա Եմելյանչիկովայի ապանության համար դարձյալ մահապատժի է դատապարտվել, հայտնում են բելառուսական լրատվամիջոցները:

Գոմելի մարզային դատարանը նախկինում արդեն մահապատժի վճիռ կայացրել էր, սակայն Գերագույն դատարանի  քրեական գործերով դատական կոլեգիան հոկտեմբերի 22-ին չեղյալ էր հայտարարել մահապատիժը եւ գործն ուղարկել վերանայման:

Ալեքսանդր Գրունովը մեղավոր է ճանաչվել առանձնակի դաժանությամբ գործած սպանության  մեջ, նա 2012թ. սեպտեմբերի 20-ին վիրավորանքի պատճառով դանակի առնվազն 102 հարված էր հասցրել ուսանողուհուն:

Բելառուսում ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին,  մահապատժի էին դատապարտել ՌԴ  53-ամյա քաղաքացի Էդուարդ Լիկովին:

Բելառուսը Եվրոպայի եւ ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ որպես գերագույն պատիժ կիրառվում է մահապատիժը՝ գնդակահարության տեսքով: