23-ամյա Վահան Ս.-ն մեղադրվում է ոստիկաններին հայհոյելու եւ նրանց աշխատանքը խանգարելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Վահան Ս.-ն, դեկտեմբերի 10-ին, ժամը 22:30-ին Երեւան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեում վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվելով ոստիկանության Կենտրոնականի բաժին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բարձրաձայն աղմկել է, նրանց հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, շուրջ 20 րոպե տեւողությամբ իր այդ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել  բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 25-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: