Ցավոք Հայաստանում ծխելու դեմ ակտիվ պայքար չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանում արգելված է ծխախոտի գովազդը, բայց Երեւանում բոլոր կրպակներում ներկայացված է ծխախոտի մեծ տեսականի, վարչապետը պատասխանել է. «Կուզենայի, որ յուրաքանչյուր մարդ իր կենցաղավարության մեջ պայքարի այդ արատավոր համակարգիր դեմ։ Ցավոք, մեզանում այդպիսի ակտիվ պայքար ծխելու դեմ չկա։ Մենք առաջիններից ենք ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման առումով։ Պատահական չէ, որ օնկոլոգիական եւ սրտային հիվանդությունների առումով եւ Հայաստանն առաջատարների շարքում է»,- նշել է վարչապետը եւ հավելել. «Եթե լինի հասարակական ակտիվիստների խումբ, որոնք կկարեւորեն այդ խնդիրը, մեզ ավելի հեշտ կլինի առաջ ընթանալու համար այդ հարցում»։

Ըստ Սարգսյանի, իրենք մշակել են օրենսդրական փաթեթ: «Ո՞ւմ վրա ենք դնելու օրենքի խախտումը բացահայտելու եւ պատժելու համար՝ հասարակական վայրերում ծխելու դեպքում։ Դա պետք է անի ոստիկանությունը՞, թե տնտեսվարող սուբյեկտները։ Սա քննարկվող խնդիր է, բայց մենք բոլոր դեպքերում այդ օրենքների փաթեթը պիտի մշակենք»,- նշել է վարչապետը։