Հայաստանի կառավարությունը պլանավորում է փետրվար-մարտին հանդես գալ հաշվետվությամբ, երբ վիճծառայությունը կհրապարակի նախորդ տարվա արդյունքները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ չի ապահովել Սերժ Սարգսյանի նախանշած 7 տոկոս տնտեսական աճը:

«Բնականաբար քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ կգնահատենք բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների վերաբերյալ։ Հասկանալու համար, թե արդյոք արվել է առավելագույնը տնտեսական աճ արձանագրելու համար»,- հարցից խուսափել է վարչապետը։

Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու դեպքում որոշ ապրանքատեսակների հնարավոր թանկացման մասին՝ վարչապետն ասել է. «Ներկայումս գոյություն ունի 400 ապրանքատեսակ, որոնք համարում ենք զգայուն։ Ճանապարհային քարտեզում մատնանշված է այդ միջոցառումները, որ պետք է ավարտենք բանակցությունները ՄՄ-ի անդամ երկրների հետ եւ որոշենք, թե ինչ ռեժիմներ ենք սահմանելու այդ ապրանքների վերաբերյալ։

Մայիսին ենթադրվում է, որ ՄՄ-ին միանալու պայմանագիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն մեր մոտեցումները նաեւ այդ հարցով։ Հնարավոր է՝ առաջիկա տարիներին կիրառվեն հին դրույքաչափերը, հետագայում կամաց-կամաց փոփոխվելով։ Այդ սակագների բարձրացումից հետեւանքները միանշանակ չեն լինելու, որովհետեւ դա կարող է խթանել նաեւ որոշ ապրանքատեսակների որակի բարձրացման վրա։ Այսինքն ասենք կարող է այդ ոլորտներում Հայաստանում ավելի ձեռնտու լինի ներդրումներ կատարել, քանի որ մաքսատուրքերը բարձր լինելու պարագայում ներքին արտադրությունը պաշտպանված կլինեն էժան ապրանքների ներմուծումից։ մեր տեցղական արտադրությունը կարող է աճել։ Իսկ բացասականն այն է, որ մաքսատուրքերի բարձրացումից գները կարող են բարձրանալ»,- ասել է վարչապետը։