Ամենաբարդ ռեֆորմը կուտակային կենսաթոշակային ռեֆորմն է, որովհետեւ առնվազն ենթադրում է 35 տարվա հաշվարկներ եւ առնչվում է երկրի կենսագործության բոլոր ոլորտների, յուրաքանչյուր քաղաքացու շահերի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը

Այն ենթադրում է, որ մեխանիզմներ պետք է ստեղծվեն բոլոր կառավարման օղակներում, բոլոր ինստիտուտներում պետք է լինեն հատուկ համակարգեր, որոնք առնչվում են կենսաթոշակային ռեֆորմի հետ։ Վարչապետի խոսքով՝  դրա համար էլ այս ռեֆորմի նախապատրաստման վրա ծախսել են 10  տարի, աշխարհի լավագույն մասնագետներին են հրավիրել, հեղինակավոր կառույցների հետ են համագործակցել,մեր մասնագետները հնարավորություն են ունեցել այցելել տարբեր երկրներ՝ ուսումանսիրելու նրանց փորձը, այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ։ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ սա բացառիկ օրենքներից է, որը քննարկվել է հանրապետության նախագահի գլխավորությամբ՝ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ,այն ընդունվել է 2012թ, բայց կիրառման մեջ է մտնում 2014թ, այսինքն՝ ժամանակ է տրվել նախապատրաստվելու համար։ «Բնականաբար, ինչպես որ վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում պատրաստվել, նույնը տեղի ունեցավ մեզանում, երբ մարդիկ սկսեցին հաշվել,թե ինչ է տեղի ունենալու եկամուտների հետ։ Սա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք բովանդակությունը, որը խարսխված է հետեւյալ սկզբունքի վրա՝ այսուհետ ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլեւ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի, եթե դուք ունեք աշխատանք եւ եկամուտ, պարտավոր եք մտածել ձեր ծերության մասին, սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք, որովհետեւ մեր պետությունը այլընտրանք չունի, որովհետեւ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները ապրեն ապահով, երբ հասնեն թոշակի»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Նա շեշտեց, որ որեւէ այլընտրանք չկա, որովհետեւ մեր հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսապայմաներ ապահովելու համար։ «33 հազար դրամ թոշակ ենք վճարում, եւ աղքատության շենը եթե վերցնենք երկրում, եթե մարդը ստանում է դա, կարող է լուծել մինիմալ սննդի պահանջը, ինչը նշանակում է, ամեն թոշակի անցնողը հայտնվելու է աղքատության խնդրի առաջ»,- ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ մյուս տարբերակը միասնական սոցիալական հարկը բարձրացնելն է, ինչը ընդունելի չէ, որովհետեւ հարկային բեռի ավելացումը բերում է նրան, որ զսպում է տնտեսական աճը։ Վարչապետի կարծիքով՝ այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար համակարգ չէ, դրա համար ունենք միակ հնարավորությունը՝ անցնել պարտադիր կուտակային համակարգին։

«Մեր պետությունը ասում է երիտասարդներին՝ սիրելի երիտասարդներ, պետք է ստանձնեք ձեր ապագայի համար սոցիալական պատասխանատվությունը, կուտակեք ամեն տարի  հինգ տկոոս, որպեսզի անցնեք երաշխավորված թոշակի, չառնչվեք աղքատության խնդրի հետ»,- նշեց նա։

Նա նշեց, որ քաղաքական սպեկուլացիա է, թե խնդրի լուծման կան գաղտնի լուծումներ, օրինակ՝  կարելիէ մեկ ակնթարթում օլիգարխներից այդ գումարները վերցնել եւ տալ թոշակառուներին, սրանք պոպուլիստական մոտեցումներ են եւ որեւէ երկրի չի հաջողվել այդ ճանապարհով կենսաթոշակ ապահովել, իսկ այն երկրները, որոնք փորձել են հեղափոխական ճանապարհով կենսաթոշակ ապահովել, որեւէ հաջողության չեն հասել։

«Հասկանալի է, որ կա դիմադրողականություն եւ այն չպետք է շատ սուր ընդունել, որովհետեւ ցանկացած բարեփոխում առնչվում է դիմադրութան հետ, իշխանությունների անցկացած գործողություն, պարտադրանք պետք է առաջին հերթին արժանանա դիմադրողականությանը, իսկ իշխանությունները, հասկանալով դա, պարտադրանքի գործիքները օգտագործելով, պետք է լավ պատրատսվեն, դրա համար մենք լավ ենք պատրատսվել եւ 10 տարի ենք պատրաստվել»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ սա հեշտ փոփխություն չէ, ցավոտ փոփխուոյթւոն է, 275 հազար հոգի հունվարի 1-ից  նոր կյանք է  սկսելու, նրանք դառնում են խստապահանջ քաղաքացիներ,սա նպաստում է քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողություն է ունենալու եւ որպես օրինակ նշում է մյուս բարեփոխումները, որոնք եւս սկզբից ընդունվել են մեծ դժվարությամբ, սակայն այժմ քաղաքացիները շատ գոհ են, խոսքը, մասնավորապես, սոցիալական փաթեթների, ԱՊՊԱ համակարգի ներդրման մասին է։