Հայաստանի տնտեսության համար ավարտվող տարում կարեւորագույն ձեռքբերումներից էր արդյունաբերության ոլորտում տնտեսական աճի ցուցանիշը։ Այս մասին դեկտեմների 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով տարվա բացթողումների եւ ձեռբերումների մասին հարցին։ «Բացթողումների ե թերացումների մասին կարծում եմ տեղեկատվական պակաս չի եղել առաջին հերթին խստապահանջ լրատվական միջոցների շնորհիվ, որոնք ցանկացած բացթողում դարձնում են հրապարակային քննարկման առարկա»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ կխոսի ձեռքբերումներից։
Ըստ նրա՝ զգալի է գյուղատնտեսության աճի 6.1 տոկոսը, հատկապես, որ 15 հազար հա հողեր 2013-ին սկսեցին մշակվել։ Անասնաբուծության եւ սերմնաբուծության ոլորտների աճից վարչապետը եւս գոհ է։
Տիգրան Սարգյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը նույնպես աճի բարձր ցուցանիշ է արձանագրել։ Այս միտումը շարունակական է լինելու, քանի որ 2013-ին դրա համար նախադայլներ են ստեղծվել։ «Բացի այդ Հայաստանը չիպերի դիզայնի միջազգային շուկայում արդեն ունի 5 տոկոս տեսակարար կշիռ, ինչը լրջագույն ձեռքբերում է, քանի որ մինչեւ այսօր նման ցուցանիշ Հայաստանը համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ չի ունեցել։ սա նշանակում է, որ ՏՏ ոլորտում մենք ունենք նաեւ մասնագիտացում»,- ասաց նա։
Վարչապետը կարեւորեց մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման նախադրյալների ստեղծումը։ «Սորագրել ենք մասնավոր-պետություն համագործակցության հարթակի վրա հուշագրեր, որը վերաբերվում է թեթեւ արդյունաբերությանը, կոշկագործությանը, իսկ ի դեմս ՄՄ-ի այս ոլորտները կարող են մեծ շուկա գտնել»,- նշեց նա։
Ըստ վարչապետ Սարգսյանի՝ Եվրամիության շուկա արտահանելու ստանդարտները Հայաստանի համար ԵՄ վերահաստատումը, հարաբերական առավելություն է տալիս Հայաստանի ՄՄ շրջանակում, քանի որ այն բարենպաստ է դարձնում ԵՄ շուկայով հետաքրքրված ներդրողների համար։ ԵՄ-ն հայաստանյան արտադրողին արտունություն է տվել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքի տեսքով։ Այսինքն՝ Հայաստանի արտադրողը կարող է ԵՄ արտահանել արտադրանքը առանց մաքսատուրքերի, կամ նվազեցված մաքսատուրքի։
Վարչապետի խոսքով՝ հուսադրող է նաեւ տուրիզմի բնագավառում 12.5 տոկոսանոց աճը, իսկ դրա այս տարվա կարեւորագույն միջոցառումներից էր, ըստ վարչապետի, ավիափոխադրողների շուկայի ազատականացումն էր։ «Արդեն արձանագրում ենք ավիատոմսերի գների նվազում, որի միտումը 2014-ին շարունակվելու է»,- ասաց նա։
Հաջորդ դրական ձեռքբերումը, վարչապետ Սարգսյանի խոսքով, եվրաբոնդերի թողարկումն էր։ «Սա հնարավորություն է ստեղծում մասնավոր ընկերությունների համար, ավելի էժան ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային շուկաներից, իսկ սա նշանակում է, որ տոկոսադրույքների նվազեցում տեղի կունենա տեղական շուկայում, եւ տնտեսությունը կարող է ստանալ ավեի էժան վարկային միջոցներ»,- ասաց նա։
Դեղագործության ոլորտում կարեւոր ձեռքբերումը GMP ստանդարտի ստացումն էր Հայաստանի խոշոր դեղագործական ընկերությունների կողմից, որը արտահանման նոր շուկաներ է բացում հայաստանյան դեղ արտադրող ընկերությունների համար։
Սոցիալական ոլորտում կառավարությունը անապահով խավի երեխաների համար ավագ եւ բարձրագույն անվճար կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծել։
Կենսաթոշակի մակարդակի բարձրացման հետեւանքով, շուրջ 50 հազար ընտանիք դուրս կգա ծայրահեղ աղքատության շեմից։ «2013-ին մենք ստեղծել ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի աղքատության ցուցանիշը Հայաստանում նվազի»,- նշեց վարչապետը։
Գիտության ոլորտում նա առանձնացրեց «Candle» նախագծի ավարտը, որն այս տարվա վերջերին ստացել է առաջին էլեկտրոնների առաջին փունջը։
Մշակույթի ոլորտում վարչապետը առանձնացրեց Գյումրիի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հռչակումն ու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի շենքի բարելավումը, որն իրականացվել է ավստրիական վարկի միջոցով։
«Կարծում եմ դրական ձեռքբերումներն առկա են մեր երկրում։ Ցանկություն է պետք դրանք տեսնելու»,- եզրափակեց վարչապետը։





























