Անցնող տարվա ընթացքում Նյու-Յորքի գտածոների բյուրոյում հայտնվել է 50 հազար իր, որոնք ուղեւորները մոռացել են մետրոյի վագոններում եւ ավտոբուսներում: Ավելի հաճախ մարդիկ մոռանում էին իրենց վերարկուները, անձրեւանոցները, բջջային հեռախոսները, դրամապանակները, ինչպես նաեւ արհեստական ատամները:
«Արհեստական ատամներ մենք գտնում ենք գրեթե ամեն շաբաթ եւ չենք դադարում զարմանալ, ինչպես կարելի է տրանսպորոտում մոռանալ այդչափ կարեւոր իր»,-պատմել է քաղաքային տրանսպորտի վարչության ներկայացուցիչ Ուիլիամ Բոները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երբեմն մետրոպոլիտենի աշխատակիցներն ու ավտոբուսների վարորդները գտնում են այլ տարօրինակ իրեր՝ ոտքի պրոթեզներ, ավտոմեքենաների պահեստամասեր, փոշեկուլներ, ադամանդե մատանիներ: Մոռանում են հաճախ նաեւ ընտանի կենդանիներին՝ հատկապես ճագարներին:
Մոռացված իրերի 60 տոկոսն արդյունքում վերադարձվում են իրենց տերերին: Գործող կանոնների համաձայն՝ այն բանից հետո, երբ իրը հայտնվում է գտածոների բյուրոյում, այն պահվում է այնտեղ երեք ամսից մինչեւ երեք տարի: Ժամկետը լրանալուն պես ոչ պետքական իրերը կամ դեն են նետվում, կամ հանձնվում են բարեգործական կազմակերպություններին:





























