Լրագրող Միխայիլ Լեոնտեւը «Ռոսնեֆտ»-ի PR-ի գծով փոխնախագահ կդառնա, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
Լեոնտեւն ինքը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել է, որ «Ռոսնեֆտ»-ում աշխատանքի է ընդունվել եւ առաջիկայում գործի կանցնի: Ընդ որում, լրագրողը չի հստակեցրել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու: Սակայն սպասվում է, որ նա կղեկավարի տեղեկատվության եւ գովազդի բաժինը:
Ընկերությունում այս լուրն առայժմ չեն մեկնաբանել:
Հաղորդվում է, որ Լեոնտեւը եւ «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը «հին բարեկամական հարաբերություններ ունեն»: Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, Սեչինը սիրում է աշխատանքի ընդունել հայտնի մարդկանց:
Ըստ թերթի որոշ զրուցակիցների՝ Լեոնտեւի մուտքը «Ռոսնեֆտ» նշանակում է, որ ընկերությունն իր մեդիահոլդինգն է որոշել ստեղծել: Սակայն այլ աղբյուրները դա հերքում են՝ նշելով, որ նավթագազային ընկերությանը լրատվամիջոցներում ակտիվներ պետք չեն, հայտնում է lenta.ru-ն:





























