Կեղծ կոնյակի դեմ պայքարն ուղղվել է բարեխիղճ արտադրողների դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ ալկոհոլի թորման համար 15 մլն դրամի տարեկան տուրքը շարունակում է գործել, որն ուղղված է տնական պայմաններում կոնյակի արտադրությունը կանխելուն:

Արդյունքում ոչ մեծ գինեգործները, որոնք կարող էին խաղողից օղի թորել եւ ավելացնել իրենց եկամուտը, ստիպված են այն դեն նետել կամ օգտագործել որպես անասնակեր:

«Դուք կարող եք առարկել, որ եթե ոչ մեծ բիզնեսները կարող են գինու արտադրանք ստանալ, ապա դժվար է հետեւել, թե նա դրանից ինչ է ստանալու՝ օղի, թե՝ կոնյակ: Դրան ես կպատասխանեմ. Դա այդպես չէ եւ օրինախախտներին բռնելը շատ հեշտ է: Արտադրել նա կարող է ինչ ասես, իսկ վաճառքի պահին ամեն բան ակնհայտ կդառնա: Կոնյակի մասով տուրքը տրամաբանական է՝ կեղծ կոնյակի ժամանակները հանրապետությունում անցել են, եկել են խոշոր արտադրողները: Իսկ խաղողի օղու հարցը մենք բարձրացնում ենք արդեն մի քանի տարի, բայց առանց որեւէ հաջողության»,-ասել է Հարությունյանը:

Արդյունքում, նրա խոսքով, Հայաստանում խաղողի օղի փաստացի չի արտադրվում: