Այսօր՝ հունվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ.  առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ եւ բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, եւ առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետեւյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների եւ տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել  մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա  վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների եւ ըստ գերատեսչությունների»:

Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը եւ 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների եւ գերակա խնդիրների հիմնավորումները: