Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 10-ին հանդիպում ունեցավ Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։

ԱԳն մամուլի ծառայությունից հայտնում են, թե Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը եւ գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

Այդ համատեքստում շեշտվեց երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջեւ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ լրջորեն կխթանի համագործակցության ընդլայնումը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Կուբայի արտաքին առեւտրի եւ ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազի հետ հանդիպման ընթացքում  հանգամանալից քննարկվեցին երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մալբիեկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ հաղորդեց Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների եւ ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Այս համատեքստում արծարծվեց երկու երկրների Առեւտրի պալատների միջեւ փոխգործակցության հաստատման հնարավորությունը։

Կուբայի արտաքին առեւտրի նախարարը հրավիրեց Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։

Նախարարները կարեւորեցին տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարեւոր քայլ։   

Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբայի Բիոտեխնոլոգիայի եւ գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում ունեցավ կենտրոնի ղեկավարության եւ գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Կուբայի Բիոտեխնոլոգիայի եւ գենետիկ ինժեներիայի կենտրոնի եւ Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունները։