Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել էˋ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ  Սերյոժա Գրիգորյանի թեթեւ ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Արդբեջանի Հանրապետությանը, ապա  մեզ համար դա հասկանալի կլիներ եւ զարմանքն ու բարկությունը այդքան մեծ չէր լինի:  Եզդիների հին գերեզմանատան հետ կատարվել է մի բան, որը բացի սրբապղծություն որակելուց դժվար է այլ բան  որակել, քանզի ուրիշի հանգուցյալների հիշատակը չհարգողը չի կարող սեփական հանգուցյալներին հարգել:

Գործարար Սերյոժա Գրիգորյանը իր այս քայլով վիրավորում է մի ողջ ժողովրդի եւ խաղում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում  Նախիջեւանի հին հայկական գերեզմանատունը, որը  եւ սրբություն էր մեզ համար եւ մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար: Սերյոժա Գրիգորյանի արածը  հանցագործություն կլինի համարել ՀՀ պետական քաղաքականություն, սակայն այն որ մի գործարար իր  կատարած քայլով վնասում է մի ամբողջ պետության հեղինակություն եւ վիրավորում այդ պետության հազարավոր քաղաքացիների կարծում ենք հերքել անիմաստ է:

Այս կապակցությամբ  անհապաղ հրավիրում ենք ՀՀ պետական պատկան մարմինների ուշադրությունը կատարված հանցագործության վրա  եւ պահանջում ենք ,որպեսզի տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաեւ պատասխանատվություն կրի օրենքի առաջˋ սրբապիղծ գործունեության համար:Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու նման մարդկանց արատավորելու երկրի համբավը: «Սինջար եզդիների ազգային միավորումը» հետամուտ է լինելու այս խնդրին, ինչպես նաեւ մեր ներկայացուցիչները կլինեն նշված համայնքում եւ կարձանագրեն տեղի ունեցածը»,- նշել են հայտարարության հեղինակները: