Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային բանավեճը փոխհրաձգություն չէի որակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ռոբերտ Քոչարյանը խոսում է փաստերի մասին, իսկ հանցագործ վարչապետը արդեն երկար ժամանակ պարզապես իր եւ իր կառավարության մեղքը փորձում է տեղափոխել այլոց ուսերի վրա»,- նշեց նա:
Տիգրան Ուրիխանյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այս երկրում ապրում է իրական կյանքով, որին ցավոք վարչապետը երեւի հետեւում է իր ծառայողական մեքենայի պատուհանից եւ բոլորի համար շատ պարզ է, թե ինչ է տեղի ունենում: Նա նաեւ նշեց, որ երկրաչափական, հաշվային բարդությունները մարդկանց համար երկրորդական է, նրանք տեսնում են այն, ինչ կա, զգում են այն վիճակը, որում ապրում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:
Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:
Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը:





























