Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկրի խորհրդարանում Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) հետ կապված սկանդալային օրինագծի հետ կապված հանդիպման է հրավիրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության առաջնորդներին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հետ արդեն հանդիպել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հանդիպումից հետո հայտարարել է, թե որպես կուսակցության առաջնորդ իր անհանգստությունն է հայտնել, որ այդ օրինագծով խախտվում է դատական համակարգի անկախությունը։
Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպելու է նաեւ MHP-ի առաջնորդ Դեւլեթ Բահչելին, որին կհաջորդի BDP-ի ղեկավար Սելահաթին Դեմիրթաշի հետ հանդիպումը։
Նշենք, որ «մեծ կաշառք» սկանդալային կոռուպցիոն բացահայտումներից հետո Էրդողանը ցանկանում է իր ձեռքը կենտրոնացնել դատական համակարգը՝ բոլոր լիազորությունները հանձնելով իր կողմից նշանակվող Արդարադատության նախարարին։ Իշխող կուսակցության այս օրինագծին դեմ են խորհրդարանական մյուս բոլոր կուսակցությունները։





























