Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստում, այսօր՝ հունվարի 13-ին, պաշտպանական ճառով ելույթ է ունեցել ամբաստանյալ Դավիթ Ադամյանի (վերջինս «Հարսնաքար»-ում մատուցող է) պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ով միջնորդել է իր պաշտպանյալի առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 տարվա ազատազրկում եւ այդ դեպքում պետք է կիրառել համաներում ու մեղադրյալին ազատ արձակել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ այս գործով բոլոր ամբաստանյալները դատապարտվել են 13 տարվա ազատազրկման:
Դավիթ Ադամյանի պաշտպանը պնդել է, որ մեղադրող կողմը խախտել է մեղքի անհատականացման սկզբունքը: Նրա խոսքով՝ տուժողները նշել են, որ իրենց ծեծի են ենթարկել 15-20 անձինք եւ չկա հստակ ապացույց, որ Վահե Ավետյանին հարվածները հասցրել են հենց ամբաստանյալները, ոչ թե մյուս 14 անձինք: Պաշտպանը հայտարարել է, որ այս գործով կան չփարատված կասկածներ, որոնք, ըստ Սահմանադրության, պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի:
Դատարանում այսօր ելույթ է ունեցել նաեւ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, ով հայտարարել է, որ դիտավորությամբ չի արել, ինքը մարզիկ է, հարվածել է Վահե Ավետյանին եւ վերջինս մահացել է: Նա խնդրել է իրեն դատել ոչ թե երեք հոդվածներով, այլ մեկ եւ չդասել իր չարած արարքների համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:





























