Քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանն այսօր` հունվարի 14-ին, «Դիմադրիր, ազատվիր, ազատիր» և «Պատվիր քո հորն ու մորը» պաստառներով միայնակ գնացել էր ՀՀ նախագահի նստավայր` շնորհավորելու նախագահի Ամանորը:
«Մեկ հոգով ակցիա է սա: Ես` որպես ՀՀ քաղաքացի, իմ պարտքն եմ համարում այս չնչին բանն անել: Իմ ցանկությունն է նախագահին մարդասիրական մոտեցում ցույց տալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Զատիկյանը:
Ակտիվիստն ընտրել է հենց այս օրը, քանի որ այսօր է հանվել քաղբանտարկյալների եւ նրանց հարազատների տեսակցության արգելքը. «Իմ կարծիքով` սա մարդասիրական քայլ էր Կառավարության կողմից, սա էլ առնվազն հարգալից և շնորհակալական քայլ է իմ կողմից՝ ի օգուտ իրենց, որ ապրեք` նման բան արեցիք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 17 օր հացադուլի մեջ անցկացրած Շանթ Հարությունյանի եւ նրա հետ կալանավորված բոլոր ընկերների հետ տեսակցության արգելքը հանվել է։ Այս պահին Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը եւ որդին՝ Շահեն Հարությունյանը, «Դատապարտյալների հիվանդանոցում» են, որտեղ գտնվում է Շանթ Հարությունյանը։































