Հայաստանի ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ:     

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ոստիկանին մեղսագրվում են արարքներ, որոնք համապատասխանում են Քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածների հատկանիշներին: Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով,  131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով՝ մարդուն առեւանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս,  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ,  եւ 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն:  

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված՝ կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երեւանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի եւ նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա եւ վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին:  

Այնուհետեւ Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի  ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար եւ տնից հափշտակել նրանց  պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ եւ մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ եւ 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց եւ  «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպես՝ նաեւ 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ: 

Այնուհետեւ Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ տուժողներին՝ նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրաբար տեղավորել է իրենց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային եւ դրանով բացահայտ առեւանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք:   Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Դրանից հետո Էդգար Վարագյանը, նույն սպառնալիքներով,  Ք.Բ.-ի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել  նրա դստերը եւ նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է: Հետագայում մեքենան  թողել է Երեւանի Քանաքեռ թաղամասի տարածքում: 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում