Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե ուրիշները: Այս մասին «Միացյալ ազգային նախաձեռնության»  կալանավորված ղեկավար Շանթ Հարությունյանն ասել է նախօրեին կնոջ եւ որդու միջոցով հանրությանը փոխանցված ուղերձում, որն այսօր՝ հունվարի 15-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, և ունենք պայքարելու իրավունք: Ինձ համար կարևոր են Եվրամիության և Մաքսային միության հարցերը, բայց ավելի կարևոր են մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը: Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են: Պետք է կարողանան իրենք իրենց փոխել, իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ»,- հոր խոսքերն է մեջբերել Շահեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հայրը պնդում է, որ եթե 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի, ներկա իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի:

Շանթ Հարունթյունյանը նաեւ շնորհակալություն է հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Աշոտ Խաչատրյանին լավ վերաբերմունքի համար, նաեւ ամբողջ անձնակազմին, մասնավորապես, Դավիթ Հովհաննիսյանին, բոլոր դատապարտյալներին` Գառնիկին և մնացածին՝ լավ և ջերմ ընդունելության համար:

Որպես հետգրություն Շահենը գրել է. «Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ, որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հանվել էր Շանթ Հարությունյանի եւ նրա հետ նոյեմբերի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված մյուս անձանց հետ հարազատների տեսակցելու արգելքը։ հենց առաջին օրը Շանթ Հարությունյանի կինն ու որդին այցելել էին նրան։