Զգացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն եւ այդ ցանկությունը այնքան մեծ է, որ հեչ կարեւոր չէ, թե ինքը ինչ հարցերով է ցանկանում ուշադրություն սեւեռել իր անձի վրա:Այս մասին այսօր` հունվարի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ոչ պակաս հանցագործություններ են եղել, քան այսօր: « Նրա օրոք, եթե պետական ունեցվածքն էին խլում, ապա հիմա ժողովրդից ու բյուջեից են փախցնում»,- ասաց Սոս Գիմիշյանը: Նա նաեւ նշեց, որ որքան էլ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, բայց բացառում է, որ 2-րդ նախագահը արդյունքի կհասնի: «Ինչո՞վ պետք է վերադառնա` հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ, կոնյակի, Արմենթելի, մեր ցանցերի վաճառքո՞վ, թե՞ բազմաթիվ քաղաքական սպանություններով, որոնք այդպես էլ չբացահայտվեցին: Ի՞նչ բագաժով պետք է գա: Ինքը գուցե լավ կազմակերպիչ է, բայց դրա համար պետք է պաշտոն ունենա: Եթե վարչապետ դառնա հնարավոր է լուրջ դառնա նրա ցանկությունները»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Նա նաեւ նշեց, որ չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կվերադառնա խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերի աջակցությամբ: Սոս Գիմիշյանը ընդգծեց, որ ավելի մեծ վտանգ է տեսնում, եթե Ռոբերտ Քոչարյանը մեկ այլ նեյտրալ անձ ներկայացնի եւ պարզվի, որ նա իր իշխանությունն է արտացոլում: Գիմիշյանը հիշեցրեց նաեւ, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող ուժն է եւ արդեն ունենք օրինակներ, երբ ընտրություններից առաջ նրանց հաջողվում է իրենց շուրջ հավաքել բողոքավոր մասսային:





























