Պետք է սահմանադրական փոփոխություն լինի եւ մեր նախագահներին արգելվի 2 անգամից ավելի ընդհանրապես ընտրվել: Այս մասին այսօր` հունվարի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշելով, որ Հայաստանը կրկին հայտնվել է երեք նախագահների ցիկլում:
Նա նաեւ մեջբերեց ընկերոջ համեմատականը. «Ասում է՝ Հայաստանի ֆուտբոլը կզարգանա այն դեպքում , եթե «Արարատ 73»-ը դուրս գա ֆուտբոլի դաշտից: Հիմա նույն բանն է Հայաստանը գլուխ կբարձրացնի, շունչ կքաշի, եթե երեք նախագահներն էլ դուրս գան քաղաքականությունից: Ես չեմ տեսնում այդտեղ մի գործիչ, որ կարողանա երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակում: Նրանք երեքն էլ օգտվել են ժողովրդի վստահությունից, ես էլ եմ այդ իշխանությունների եւ ընդդիմության մաս կազմել, բայց, ցավոք սրտի, նրանցից ոչ մեկը այդ վստահությունը չօգտագործեց ի շահ ժողովրդի եւ պետության»,- ասաց Սոս Գիմիշյանը եւ ավելացրեց, որ քիչ հավանական է համարում նախկին նախագահների վերադարձը:
Նա ակնարկեց նաեւ, որ կարծես, թե 1-ին ու 2-րդ նախագահները սերտաճել են: «Նույնն բանն են: ԲՀԿ-ն ՀԱԿ-ի քարոզն է անում, ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի: Նույն բանն են դարձել: 98թ-ին էլ պատահաբար Քոչարյանը չեկավ իշխանության: Երբ առաջին իշխանությունը հրաժարական տվեց, շատ-շատ քայլերով նպաստեց , որ Քոչարյանը գա իշխանության :Այսօրվա իրենց սերտաճումն էլ զարմանալի ու պատահական չէ»,- հիշեցրեց Սոս Գիմիշյանը:





























