Քաղաքական բաղկացուցիչի տեսանկյունից՝ ԱՊՀ-ն միայն կազմակերպության անդամ-երկրների միջեւ երկկողմ հարաբերություններին աջակցելու միջոց չէ: Այս մասին հունվարի հասնհինգին հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը՝ «Ուկրաինայի նախագահությունը ԱՊՀ-ում. Փորձագիտական կարծիք» թեմայով Մոսկվա-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջի ընթացքում:
Ըստ նրա՝ առանց ԱՊՀ-ի Հայաստանի համար դժվար կլիներ երկկողմ հարաբերություններ պահպանել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ղրղըզստանը կամ Մոլդովան: «Նման ձեւաչափի գոյությունը օգտակար է ու անհրաժեշտ: ԱՊՀ-ն հակասությունների տարածություն է, հետեւաբար պետք է լինի հարթակ, որպեսզի այդ հակասությունները լուծվեն»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահությանը, նա հիշեցրել է, որ իսկապես, Ուկրաինան Համագործակցության արեւմտյան ֆալանգն է: «Հաշվի առնելով ուկրաինական որոշ մտադրություններ՝ կապված ԱՊՀ հետ, կարելի է ասել, որ այդ երկրի նախագահությունը այնքան էլ վատ չէ»,-կարծիք է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից ԱՊՀ-ում նախագահում է Ուկրաինան:





























