Հայաստանի պաշտպանության նախարարությունում հունվարի 15-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրել են ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի եւ սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջեւ ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաեւ սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն: Ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղ եւ թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների եւ սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով: