Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե ավելի ճիշտ է համարում սահմանադրական փոփոխությունը, քան իշխող կուսակցության կողմից առաջադրած «Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի»  (HSYK) մասին օրենքում փոփոխություններ կատարելը։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝  Սլովենիայի նախագահի հետ կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում աղմուկ հանած «Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի» մասին օրենքում փոփոխությունների օրինագծին։

Աբդուլլահ Գյուլն ասել է, թե ինքը ճիշտ է համարում խնդիրը լուծել սահմանադրական փոփոխությամբ։ «Դատական համակարգի հետ կապված թեժ քննարկումների հետ կապված ես հրավիրեցի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ է սահմանադրական փոփոխությունները»,-նշել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Էրդողանի գլխավորած կուսակցությունը «մեծ կաշառք» գործողությունից հետո դատավորների եւ դատախազների իրավասությունները սահմանափակելու նպատակով օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Այդ օրինագծով դատական համակարգը կենտրոնանում է Արդարադատության նախարարի ձեռքին, ինչին դեմ են հանդես գալիս ընդդիմության ղեկավարները՝ պնդելով, որ խախտվում է դատական համակարգի անկախ լինելու սկզբունքը։