2013 թվականին շուրջ 85 անօթեւան ժամանակավոր կացարան է ստացել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետեւողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթեւան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի եւ վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Ուշագրավ է, որ շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու հեռացել կենտրոնից: Շահառուներից 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկն էլ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:
Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ: Անօթեւանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաեւ անվճար բուժօգնության եւ սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունեցող անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը նպաստել է հասարակական կյանքին անօթեւանների լիարժեք ներգրավմանը:





























