«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի է ունեցել «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ-ԳԷՖ հետ համատեղ՝ սերտ համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի եւ այլ համայնքների հետ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարեւորելով ծրագրի մեկնարկը՝ նկատել է, որ այն տեղավորվում է ՀՀ կառավարության որդեգրած էներգետիկ անկախության, էներգախնայողության եւ այլընտրանքային էներգետիկային անցնելու քաղաքականության շրջանակներում: Նախարարը հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ ծրագրի հիմնական կոմպոնենտն է լինելու Երեւանի արտաքին լուսավորման համակարգը: «Կլիմայի փոփոխության պայմաններում մենք խրախուսում ենք այն ծրագրերը, որոնք վերաբերում են էներգիայի խնայողությանը, վերականգնվող էներգետիկային եւ շատ կարեւոր է, որ մենք համատեղ ջանքերով ստանանք մի արդյունք, որը ոչ միայն տեսանելի եւ շոշափելի կլինի, այլ էներգետիկ տեսակետից՝ արդյունավետ եւ կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը»-ասել է Արամ Հարությունյանը:
Նախարարը նկատել է, որ արտաքին լուսավորության գործող ցանցերը երկար տարիներ շահագործվում են, իսկ դրանց արդիականացումն արդեն օրախնդիր էր եւ ուրախալի է, որ Բնապահպանության նախարարության առաջարկն ընդունել են գործընկերներ կազմակերպությունները: Իր խոսքի վերջում նախարարը հավաստիացրել է, որ ծրագիրը կնպաստի մայրաքաղաքի բնակիչների համար հարմարավետ եւ ժամանակին համահունչ միջավայր ստեղծելուն եւ այդ պատճառով արդեն այս տարի ձեռնամուխ են լինելու պիլոտային փուլի իրագործմանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն նկատել է, որ ՀՀ-ն բնապահպանական ծրագրերի առումով առաջիններից է, ոչ միայն ազգային, այլ նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Բանախոսը նկատել է, որ ՀՀ կառավարությունը չափանիշներ է ստեղծում բնապահպանության՝ մասնավորապես էներգախնայողության բնագավառում:
Կամո Արեյանն իր խոսքում նկատել է, որ արտաքին լուսավորության խնդիրը վաղուց էր գերակա եւ ուրախալի է, որ կան այլընտրանքային միջոցներ համակարգը արդիականացնելու համար՝ այն դարձնելով էկոլոգիապես ավելի անվտանգ, բարետես եւ հուսալի: Ըստ փոխքաղաքապետի, ուրախալի էր ՀՀ ԲՆ նախաձեռնությունը՝ ընդգրկելու Երեւանը կանաչ լուսավորության ծրագրում: Շեշտելով, որ ծրագիրը իր տեսակի մեջ քաղաքի արտաքին լուսավորության տեսանկյունից առաջինն է՝ Երեւանի առաջին փոխքաղաքապետը կարեւորել է նախարար Ա. Հարությունյանի շահագրգռվածությունը՝ իր անձնական նախաձեռնություններով անհրաժեշտ հիմքեր ապահովել այն իրականացնելու համար:
Աշխատաժողովին ներկայացվել է ծրագրի հիմնական նպատակները եւ նախատեսված միջոցառումները, ինչպես նաեւ քաղաքային էներգաարդյունավետ լուսավորության բնագավառում առկա միջազգային փորձը եւ ձեռքբերումները:
Հայաստանում քաղաքային տնտեսությունից ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը լուսավորությունն է: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էներգախնայողությանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը` ներդրումային ծրագրերի եւ ազգային քաղաքա¬կանության իրականացման ճանապարհով: Ծրագիրը համապատասխանում է ռեսուրսների խնայողության եւ կլիմային հարմարվող տնտեսական աճի խրախուսման միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանն ուղղված ազգային գերակայություններին: Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է ԳԷՖ-ը: Ֆինանսական ներդրումներ են արվելու նաեւ համայնքային բյուջեներից: «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի տեւողությունն է 4 տարի:





























