Կապանում երեկ՝ հունվարի 15-ին, ժամը 12-ի սահմաններում, հնչած կրակոցների հետեւանքով Կապանի հիվանդանոց տեղափոխված 40-ամյա Աշոտ Սողոմանյանի վիճակը մոտ է բավարարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կապանի հիվանդանոցից:
Նրանց փոխանցմամբ՝ նրա մոտ առկա է գանգաթաղի հրազենային պատռված վերք՝ գանգոսկրի բաց կոտրվածքով: «Կարող են լինել հեռավոր բարդություններ, սակայն քիչ հավանական է»,-հայտնեցին հիվանդանոցից:
Նրանք նաեւ հայտնեցին, որ շոշափող վնասվածք է եղել, կողմնային վնասում է առաջացել: Տուժածը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ Կապանում հունվարի 15-ին, ժամը 12-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, որից վնասվածք է ստացել մի քաղաքացի: NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Բաղաբուրջ Բանավան թաղամասում: Թիվ 9 տան մոտ վիճաբանություն է ծագել երկու երիտասարդ տղամարդկանց միջեւ, որի ժամանակ նրանցից մեկը կրակոց է արձակել՝ հակառակորդի ճակատին հասցնելով հրազենային վնասվածք: Նա դիմել է փախուստի, սակայն կրակողը հետապնդել ու արդեն հաջորդ տան մոտ մեկ անգամ էլ է կրակել: Տուժողին արագ տեղափոխել են Կապանի հիվանդանոց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից: Պարզվում է՝ տուժողը 40-ամյա Աշոտ Սողոմանյանն է, ով իր ազգական 27-ամյա Արա Պետրոսյանի հետ Բաղաբուրջ Բանավանի թիվ 9-10 տների մոտ վիճաբանել է ու այդ ժամանակ Արա Պետրոսյանն իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով կրակել եւ վնասել է Սողոմոնյանին: Կրակոցներից վնասվել են նաեւ տվյալ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Արա Պետրոսյանը բերման է ենթարկվել, ինքնախոստովանական բացատրություն տվել, հրազենն առգրավվել է:
Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:





























