Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի ամբողջական տեքստը, որը հասանելի է Արտաքին կապերի եվրոպական ծառայության պորտալում:

Բացի ընդհանուր սկզբունքներից, փաստաթղթի նախագծում, մասնավորապես, առանձին լուսաբանված են միջազգային փոխգործակցության այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են քաղաքական համագործակցությունը եւ բարեփոխումները, արդարադատության եւ անվտանգության ապահովման համակարգը, առեւտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը եւ հակակոռուպցիոն միջոցառումները, ինչպես նաեւ տրված են Ուկրաինայի հետ համատեղ տնտեսական տարածքի նոր ինստիտուցիոնալ շրջանակները:

Նախագծում, մասնավորապես, ասվում է. «Կողմերը անցումային փուլում՝ սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից 10 տարվա ընթացքում, կշարժվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ»:

Մաքսատուրքերի վերաբերյալ փաստաթղթում ասվում է. «Կողմերից յուրաքանչյուրը կնվազեցնի կամ կհանի մաքսատուրքերը մյուս կողմի ապրանքների համար՝ ըստ համապատասխան գրաֆիկի, որը ներկայացված է Համաձայնագրի նախագծի հավելվածում»:

«Կողմերից ոչ մեկը սահմանափակումներ կամ արգելքներ չի մտցնի մյուս կողմի որեւէ ապրանքի ներմուծման եւ արտահանման, կամ մյուս կողմի տաածք արտահանելու նպատակով վաճառքի նկատմամբ, եթե այդպիսիք չեն նախատեսված այս համաձայնագրով»,-ասված է նախագծում:

Արտաքին կապերի եվրոպական ծառայությունն ընդգծում է, որ փաստաթղթի հրապարակումը միայն տեղեկատվական նպատակներ է հետապնդում եւ որեւէ իրավական պարտավորություն չի ստեղծում միջազգային իրավունքի համակարգում:

Ավելի վաղ այս տեքստի հրապարակման մասին Twitter-ում գրել էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ուկրաինա. Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը կհաստատի ԵՄ առաջարկների ձեռնտու լինելը եւ կցրի գոյություն ունեցող միֆերը», գրել էր նա: