Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, եւ որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որեւէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել ու չի դիմանում չբանավիճելու եւ յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։ Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։

Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։ Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից եւ դռնապանից։ Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել գործընթացին, եւ ըստ անհրաժեշտության արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին:

Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել եւ անդրադարձել իրեն ուղղված քննադատություններին: Հայտարարությունում, մասնավորապես, ասված էր. «Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերեւս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն «բացահայտումը», թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու եւ Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար»: