Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը անհանգստացած նախագահի հայտարարություն էր։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մեկնաբանել երկրորդ նախագահի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ մարդիկ մահանում են, ոչ թե անբուժելի հիվանդության պատճառով, այլ դեղի գումար չունեն։ Խաչատրյանը նշեց, որ մարդիկ դեղ չեն կարողանում գնել, քանի որ աշխատանք չունեն, ապա հիշեցրեց վարչապետի այն խոսքը, թե «դուք մեզ ընտրող չեք, պետք է Հայաստանից գնաք, որ ընտրվենք»։

Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում Սերժ Սարգսյանին, այլ սահմանափակվում է վարչապետին ուղղված քննադատությամբ, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ ստեղծված իրավիճակի մեղավորը կառավարությունն է: Իսկ «գույք պարտքի դիմաց» ծրագրին Խաչատրյանը չանցրադարձավ, պատճառաբանելով, որ պատրաստ է խոսել այսօրվա մասին, իսկ այդ ծրագիրն անցյալ է: