Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ԿԺԴՀ-ին ցանկացած սադրանքի դեպքում սպառնացել է պատասխան հզոր հարված հասցնել: Այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում են ճապոնական լրատվամիջոցները:

«Մեր հատուցումը կլինի արագ եւ խիստ», - հայտնել է նա Սեուլում կայացած մամուլի ասուլիսում:

Գերատեսչության ներկայացուցիչն այդ կապակցությամբ հերքել է հունվարի 15-ին ԿԺԴՀ-ի տարածած պահանջը՝ Կորեայի հարավում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի կայանալիք զորավարժությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Հաղորդվում է, որ ամերիկա-կորեական Key Resolve եւ Foal Eagle համալիր դաշտային  զորավարժությունները պարբերաբար տեղի են ունենում փետրվարի վերջից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում: 

ԿԺԴՀ-ում կարծում են, որ զորավարժությունների անցկացումը համազոր է «լայնամասշտաբ միջուկային պատերազմ» հայտարարելուն: Բացի դրանից, Ըստ Փհենյանի, զորավարժությունները մահացու հարված կհասցնեն միջկորեական երկխոսությանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զորավարժությունների անցկացման ժամանակահատվածում տարածաշրջանում զգալի սրվում է լարվածությունը: Վաշինգտոնում, Սեուլում եւ Տոկիոյում կարծում են, որ զորավարժություններին հակազդելու եւ իր վճռականությունը ցույց տալու համար Փհենյանը կարող է որոշ խիստ միջոցների դիմել (օրինակ՝ բալիստիկական հրթիռներ արձակել կամ միջուկային նոր փորձարկում կատարել):