Այս ձմեռը Հայաստանի պատմության մեջ ամենացրտերից է, սակայն այն նահանջելու միտումներ ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ առաջիկայում տաք օդային հոսանքներ կթափանցեն Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա, մառախուղն այլեւս տեւական չի լինի: «Ցերեկները կլինեն արեւոտ, 0-ից դեպի դրական ջերմաստիճան կգրանցվի»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ հունվարի 3-րդ տասնօրյակից սպասվում են ձյան տեղումներ:

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետն ասաց, որ ցուրտը որեւէ վտանգ չի ներկայացրել գյուղատնտեսության համար:

Փետրվարին սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումներով ջերմաստիճան, առանձին ցուրտ օրեր կարող են լինել, բայց դրանք տեւական չեն լինի: