«Ժամանակ» թերթը գրում է. «Ներքաղաքական կյանքի ակտիվության իմիտացիա առաջացրած Ռոբերտ Քոչարյան-կառավարություն բանավեճը սահուն կերպով վերածվեց Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ բանավեճի, որում վերջին օրերին դրսեւորվեց ուշագրավ մի գործոն:
Ռոբերտ Քոչարյանին սկսեցին պատասխանել երիտասարդ ՀՀԿ-ականները: Որ այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ կամ ցուցումով՝ կասկած լինել չի կարող: Այս երեւույթը, սակայն, հետաքրքիր է մեկ այլ առումով:
Այստեղ ակնհայտորեն ուրվագծվում է ներիշխանական հակասությունների մի նոր բեւեռ՝ ՀՀԿ-ի երիտասարդությունը: Ինքնին, որպես, այսպես ասած, ամբողջական միավոր՝ այս բեւեռը շատ խայտաբղետ է եւ հստակ սահմաններ չունի, միգուցե՝ դեռեւս: Սակայն ՀՀԿ-ի, այսպես ասած, կորիզի համեմատ տվյալ իրավիճակում նրանց պահվածքը շատ հետաքրքրական է: Կորիզը հիմնականում լուռ է, իսկ մեկ-երկու արձագանքներն էլ շատ զուսպ են, եթե նույնիսկ անհամաձայնություն են հայտնում Քոչարյանի հետ: Երիտասարդների արձագանքները բավական հանդուգն են:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը երիտասարդներին տվել է հանդգնության իրավունք, իսկ «կորիզին»՝ ոչ: Այսինքն՝ սա առկա իրողության արդեն իսկ մի ուշագրավ կողմն է: Մյուս կողմը եւս նույն մեդալից է: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն առաջացնում է շահերի բախում ՀՀԿ-ի, այսպես ասած, սերունդների միջեւ, որը անկասկած տեղի է ունենում «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:
Սերժ Սարգսյանը, անշուշտ, շատ լավ գիտի այն կուսակցությունը, որը վերցրել եւ գլխավորում է: Շատ լավ գիտի, որ այդ կուսակցությունը, ըստ էության, քաղաքական առնետների կուսակցություն է, որոնք փախչելու են նավից առաջին իսկ վտանգի դեպքում: Ու քանի դեռ չի եկել այդ վտանգը իրական սպառնալիքի տեսքով, Սարգսյանը փորձում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ՀՀԿ-ի երիտասարդների հավակնությունները խաղարկելու կամ շահարկելու գնով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























