ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը կառավարությանը ֆինանսավորելու մասին օրինագծին:

Կառավարությանը հատկացվելու է 1,1 տրիլիոն դոլար: 

Օրինագիծը ստորագրության համար կուղարկվի նախագահ Բարաք Օբամային: Սպասվում է, որ նա կստորագրի այն եւ այդպիսով կկանխի առաջիկա ինն ամիսների բյուջետային ճգնաժամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ 1,5 հազար էջ պարունակող օրինագծում գրանցված են ԱՄՆ-ի բոլոր դաշնային կառույցների բյուջեները: 

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում պետհաստատությունների աշխատանքը դադարեցվել էր, քանի որ օրենսդիրները չէին կարողացել համաձայնեցնել երկրի նոր ֆինանսական տարվա բյուջեն: Ավելի ուշ փոխզիջումային համաձայնություն էին կայացրել, որը գործում էր մինչեւ հունվարի 15-ը:

Աշխատանքի դադարեցման պատճառով ԱՄՆ-ն կորցրել էր 24 միլիարդ դոլար: