Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով ձերբակալվել է եւս մեկ անձ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Նա եւս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ `«մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը»:

Ավելի վաղ նույն հոդվածի հատկանիշներով ձերբակալվել էր երկու հոգի՝ այդ  զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: