Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ առաջիկա նիստին՝ փետրվարի 3-ին, պետք է ներկայացնի  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումը:

Ըստ օրենքի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով  հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին. Իսկ եթե հետ չի վերցնում այն, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտեւի՝ հինգ ամիս։ Նա մասնակցելու է Թավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ «Ժառանգությունից» հայտնել են, որ առաջարկ է եղել Թեւան Պողոսյանին՝ վերանայել մանդատը վայր դնելու որոշումը եւ ժամանակավոր ստանձնել խմբակցության ղեկավարի պարտականությունները: