Ռոբերտ Քոչարյանի հետ հեռակա հարցազրույցներով փորձ է արվում հասարակության ուշարությունը շեղել երկրում օր-օրի սրվող սցիալական վիճակից: Այս մասին այսօր` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: 

Նրա խոսքով, այդ բանավեճի իրական ենթատեքստը այն է, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքը դառնում է  քաղաքական իշխող խմբի համար միավորվելու եւ ներքին կարգապահությունը ուժեղացնելու առիթ: «Բացի այդ, ապակողմնորոշում է հանրությանը եւ շեղում այսօր գոյություն ունեցող խնդիրներից մեկը: Իսկ հունվարի 18-ի հանրահավաքը, կարծում եմ, հարթակ է ստեղծելու համատեղ ֆորմատ, որը որ այս պայքարը կվերցնի իր ձեռքը»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Նա, սակայն, նշեց, որ խորհրդարանական ըննդիմությանը չի վստահում: Միաժամանակ ավելացրեց, որ այն քաղաքական թիմը, որ ցանկանում է, որ Քոչարյանը վերադառնա, նախ  նրանք հստակ պետք է պատասխանեն, թե Քոչարյանը կարո՞ղ է վերդառանալ առանց ընտրակաշառքի: «Իհարկե ոչ: Իսկ ընտրակաշառքով ընտրված Սերժ Սարգսյանին փոխարինել ընտրակաշառքով ընտրված  Ռոբերտ Քոչարյանով, երկրի վիճակը չի փոխի»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը: Նա նաեւ նշեց, որ երրորդ հանրապետության հանգուցային գործիչներին համարում է կազմակերպված հանցավոր խմբավորման կամ հովանավորներ կամ մասնակիցներ: «Նրանք միմյանց հետ կապակցված են, ունեն համատեղ պատասխանտվություն օրենքի արջեւ: Այն կապերը, որոնք, որ կապում են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ մյուսներին, դրանք ազդեցիկ եւ ուժեղ կապեր են եւ նրանք միշտ ունեն ֆորմատ եւ կարողություն միմյանց մեջ գտնել համատեղ որոշումներ ուղղված հանրության մեջ: Կարող են նաեւ իշխանության փոխանակման տեխնոլոգիաներ ներդնել, բայց հանրությունը լծակներ չունի դա կանխարգելելու»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am