Ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է՝ զանգահարում են կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ հունվարի 16-ի ավտոերթի մասնակիցներին ու տարբեր պատրվակներով հրավիրում ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը՝ նշելով, որ արդեն պարզ է՝ ինչու էին ոստիկանները գրանցում իրենց մեքենաների պետհամարանիշները իրազեկման երթի ժամանակ:

«Պարտադիր նշում են, որ քրեականից են ու կանչում են ոստիկանություն: Իրենք իրավունք չունեն հեռախոսով զանգել ու կանչել, պետք է ծանուցում ուղարկեն»,- ասաց Լևոնը:

Լևոնին զանգահարել են այսօր առավոտյան, փորձել ճշտել՝ մեքենան միայն ինքն է վարում, թե ոչ. «Միայն այս հարցով սահմանափակվեցին, որովհետև ես սկսեցի հարցուփորձ անել. անուն, ազգանուն, պաշտոն, ինչու է իրենց այս հարցը հետաքրքրում, պատասխանեց, որ իրեն հանձնարարված է, ինքը ոչ մի բանից տեղյակ չէ»:

Լևոնը համոզված է, որ այս կերպ փորձում են ճնշում գործադրել բողոքի մասնակիցների վրա, վախեցնել:

«Լրիվ գժվել են, թող խայտառակ լինեն սաղ աշխարհով, համար են գրում, ինչ են անում: Կարող է ինչ-որ մարդկանց վախեցրեցին: Կարող է` իրենց նպատակն էլ սա է, որ այլևս ավտոերթեր չլինեն»,- զայրացած ասաց Լևոնը:

Ավտոերթի որոշ մասնակիցների ոչ թե զանգահարել, այլ այցելել են՝ պատճառաբանելով, որ տարածքում վթար է եղել, մեքենան պետք է խուզարկել:

Լեւոն Հարությունյանն ասաց, որ ոստիկանների զանգերն ու այցերը չեն վախեցրել նախաձեռնության մասնակիցներին:

«Մենք մեր իրավունքները լավ գիտենք, պետք լինի՝ իրավաբանի կդիմենք ու այս հարցը իրավական դաշտում կլուծենք»,- ավելացրեց Լևոնը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում սպասվում է մեծ հավաք երթ, որին բացի կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարողներից մասնակցելու են խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ) ներկայացուցիչները։ Ակցիայի մասնակիցները պահանջելու են չեղյալ հայտարարել օրենքը, որով 1974-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ամսական գրանցված աշխատավարձերից 5%-ի չափով պարտադիր վճարում կատարեն կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին։