Ես ավազի վրա հանգստանում եմ  եւ այստեղ կազինո չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շրի Լանկայից ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ ավելացնելով, որ իր ունեցվածքը պահպանվում է,  հակառակ դեպքում չէր կարող հանգստի մեկնել: «Իմ տուն ու տեղը Հայաստանում է, ի՞նչ եք ուզում ինձնից: Այդ ամենը իշխանության կողմից է արվում, որ վարկաբեկեն, բայց ոչ մի արդյունքի չեն հասնի, քանի որ այդտեղ իրականություն չկա: Ես հիմա  ավազի վրա պառկած հանգստանում եմ: Ծովի ձայնը լսո՞ւմ եք»,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ 2 ամսից կվերադառնա:

«Նոր Տարին էլ եմ Հայաստանից դուրս անցկացրել, բայց քաղաքական պատճառներ չկան: Ի՞նչ է, չի՞ կարելի հենց այնպես առանց դրդապատճառի հանգստանալ: Կվերադառնամ կանցնեմ իմ աշխատանքին»,-ասաց Տիգրան Կարապետյանը:

Ավելի վաղ  Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրան  Կարապետյանը դեռ 33 երկիր պետք է այցելի, նոր վերադառնա Հայաստան: «Սուտ են տեղեկությունները, թե Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր ունեցվածքը խաղատներում «կրվել է»: Իսկ Վոլգոգրադում համ հյուրանոցներն են տեղում, համ կոմպլեքսը»,- ավելացրել էր Արտակ Հարությունյանը: