NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է անկախ լուսանկարիչ ու գրող Ռասել Փոալարդի հոդվածը, որը հրապարակվել է տուրիստական Tourexpi.com կայքում:
Եթե ձեզ հետաքրքրում է կյանքի մութ կողմը՝ փողոցի հանցավոր խմբեր, կողոպուտներ, հրաձգություն, բողոքի ցույցեր, մարդկանց ահաբեկումներ, ռումբերի պայթյուններ, ապա Լեռնային Ղարաբաղում ձեզ հիասթափություն է սպասվում: Այդ իրարանցումը տեսնելու համար պետք է այցելել Լոնդոնի կամ եվրոպական ու «արեւմտյան» այլ մայրաքաղաքների հանրահայտ վայրեր: Սակայն եթե ձեզ հետաքրքրում են տպավորիչ տեսարանները, մշակութային յուրահատուկ ավանդույթները, ինքնատիպ խոհանոցը, ինչպես նաեւ բարեկամական ընդունելությունը, ապա այցելեք Ղարաբաղ: Ես այն հաճախ կայցելեմ, շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մի քանի տարի առաջ այցելել առեղծվածային այդ երկիր:
Ստեփանակերտում եւ Շուշիում կան ժամանակակից շքեղ հյուրանոցներ մատչելի գներով, որոնք կգրավեն եվրոպացի եւ ամերիկացի զբոսաշրջիկներին: Կան մի շարք բարձրորակ ռեստորաններ ու սրճարաններ, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն հանդիպել տեղի բնակիչներին, հաճելի հիշողություններ կպահպանեն ընտանեկան հյուրասիրությունից. դուք ձեզ յուրահատուկ կզգաք: Երկրում կան բազմաթիվ տեսարաններ ու այցելության վայրեր, որոնց չեն դիպել մարկային ձեռքերը:
Զբոսաշրջիկների հոսքի համեստ աճը մեծապես կազդի երկրի տնտեսության վրա, իսկ եթե ինչպես հարկն է կազմակերպվի, ապա ստացված եկամուտները էապես կարող են օգնել տեղի բնակիչներին: Ի վերջո, այդ փորձը կարող է փոխել այցելուների կյանքը, ինչպես որ իմ դեպքում, ինչպես նաեւ շրջափակված հայկական այդ երկրում ապրող շատ մարդկանց:





























