Չորս ամիս առաջ բացված՝ Քաջարանի բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք, սակայն չեն օգտագործվում համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով։ Քաջարանցիներին հիվանդանոցի մուտքի մոտից հետ են ուղարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի բնակիչ Կարեն Սողոմոնյանը:
«Շատ բժիշկների պակաս ունենք, հենց օրինակ՝ նարկոզի, դա արդեն նշանակում է, որ մեզ մոտ վիրահատություն չի կատարվի»,- ասաց նա:
Նշենք, որ բժշկական կենտրոնը բացվել է 2013թ. սեպտեմբերի 26-ին. 50 տարի քաղաքի բնակիչներն օգտվել են միայն պոլիկլինիկայից և ստացիոնար հիվանդանոցից. «Հետաքրքիր է, որ մի քանի ամիս առաջ շուխուռով բացեցին, բայց ինչների՞ս է պետք հիվանդանոցը, որտեղ մասնագետների պակաս կա»:
Սողոմոնյանը պատմեց, որ քաջարանցիների մեծ մասը միայն թեթև հիվանդությունների դեպքում է դիմում քաղաքային հիվանդանոց. «Համարյա բոլորս բժշկական ապահովագրություն ունենք, որովհետև Պղնձամոլիբդենային գործարանում ենք աշխատում ու մեզ այնտեղ ընտանիքներով ապահովագրում են: Դա նշանակում է, որ լուրջ հիվանդությունների դեպքում գալիս ենք Երևան»:
Քաջարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նեղ մասնագետների կարիք ունեն. «Ճիշտ է՝ որոշ մասնագետների պակաս կա, օրինակ՝ նյարդաբանի, բայց մենք հիմա այդ հարցը լուծում ենք»:
Բնակիչները հույսով սպասում են, որ մի օր կօգտվեն այդ «գովազդված» սարքավորումներից:





























