«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե իբր ոստիկանության աշխատակիցներն այցելում են հունվարի 16-ի ավտոերթին մասնակցած ակտիվիստների բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը։
Փաստորեն՝ Հայաստանում ինչ-որ չբացահայտված հանցախումբ կա։ Հանցախմբի անդամները ոստիկանական համազգեստ են հագնում, չարամտորեն լուսանկարում ակտիվիստների ավտոմեքենաները, հետո այցելում նրանց տները, ներկայանում որպես ոստիկանության աշխատակիցներ եւ ինչ-որ հարցեր տալիս, ու ոչինչ չգողանալով՝ հեռանում։ Հանցախմբի առնվազն երեք անդամների մասին հստակ տեղեկություններ կան, որովհետեւ երեք ակտիվիստներ նման ավազակային այցելության են ենթարկվել։ Հուսով ենք՝ ոստիկանությունը շատ արագ կբացահայտի հանցախմբի անդամներին եւ կկանխի ոստիկանության բարի համբավի հետագա չարանենգ արատավորումը։
Ի դեպ, ակտիվիստներից շատերին էլ ոստիկանության տարբեր բաժիններ են հրավիրել։ Ոստիկանությունը սա չի հերքում։ Թե ինչու՝ հասկանալի է. հո չե՞ն ասելու՝ «դա ոստիկանության իրական բաժանմունք չէր, կեղծ էր»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























