Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան, որի շրջանակում նա ապրիլի 12-ին այցելել է հայաբնակ Այնջար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից, Այնջարում մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այնջարցիների հետ: Այնջարի քաղաքապետը հուշանվեր է հանձնել ԱԺ նախագահին: Վերջինս էլ նվիրել է հայոց այբուբենի տառերը պատկերող հուշանվեր եւ տեղեկացրել, որ նաեւ գրքեր է բերել հայկական դպրոցների համար: Հայաստան վերադառնալուց հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտադիր է Այնջարի համար Հայաստանում քույր քաղաք «գտնել»:
Այդ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հարցերը: Նա այցելել է նաեւ Այնջարի Սուրբ Պողոս եկեղեցի:
Ապրիլի 13-ին ԱԺ խոսնակը մեկնել է Անթիլիաս, որտեղ ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակի մատուռի առջեւ: Նրա լիբանանյան հաջորդ հանդիպումը Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ էր:
Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաեւ կաթողիկոս պատրիարք Մեծի տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Վերջին հանդիպումներում եւս ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք կապերին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:
Երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այնուհետեւ Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:




























