Ադրբեջանը դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ գործունեությունից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ»-ն:
«Այդ դժգոհությունն առաջին հերթին կապված է Միացյալ Նահանգների կողմից հակամարտության հարցում չեզոքություն չպահպանելու հետ»,- հայտարարել է Հասանովը:
Նա նկատել է, որ Ադրբեջանը բազմիցս եւ տարբեր մակարդակներում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հարցում արդարության խախտման հարցը:
«Ցավոք, ԱՄՆ մի շարք ինստիտուտներ եւ շրջանակներ, հայկական լոբբիի ազդեցությամբ, չեզոքություն չեն պահպանում՝ բաց պաշտպանելով Հայաստանին»,- կարծում է նա:
Նրա կարծիքով, Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն՝ Վաշինգտոնն իր ջանքերն ուղղում է այդ երկիրը տնտեսական դժվարություններից հանելուն:
ԱՄՆ-ը, ըստ Հասանովի, ճնշում է բանեցնում Հայաստանի որոշ հարեւանների վրա, օրինակ՝ Թուրքիայի, որ Հայաստանին օգնություն ցուցաբերվի:




























