Տեսակ մականվամբ հայտնի ռուս ազգայնական Մաքսիմ Մարցինկեւիչին երկուշաբթի արտաքսել էին Կուբայից` այդ երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
Մարցինկեւիչը երեկոյան Մոսկվա էր ժամանել եւ ձերբակալվել ռուսական սահմանը հատելու փորձի ժամանակ` որպես դաշնային հետախուզման մեջ գտնվող անձ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
2013թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայի Կունցեւի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Մարցինկեւիչին` ՌԴ ՔՕ-ի 282-րդ հոդվածին համապատսխան (ատելության կամ թշնամանքի հրահրում եւ մարդկային արժանապատվության ստորացում` բռնության կիրառմամբ), իսկ այս տարվա հունվարի 17-ին Մարցինկեւիչը ձերբակալվել էր Հավանայում` միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
Հիշեցնենք, որ 2005թ.-ին Մարցինկեւիչը հիմնել էր սափրագլուխների ուլտրաազգայնական «Ֆորմատ-18» խմբավորումը (անվանման մեջ գաղտնագրված է Adolf Hitler անունը. «A»-ն լատինական այբուբենի 1-ին տառն է, «H»-ն՝ 8-րդը): Կազմակերպության անդամները հայտնի են աշխատանքային միգրանտների ու անօթեւանների վրա հարձակումներով, ինչպես նաեւ սեւամորթների, գեյերի ու հակաֆաշիստների հանդեպ ատելությամբ:
2010թ.-ին խմբավորումը Ռուսաստանում ճանաչվել էր ծայրահեղական ու արգելվել էր:
Կուբայում ձերբակալել են ռուս սափրագլուխ Տեսակին




























