Իսլանդիայի հարավում հրաբխի ժայթքումը հանգեցրել է Բրիտանիայում ժամը 12-ից 18-ը բոլոր չվերթների չեղյալ հայտարարման, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանական ավիադիսպետչերների NATS ծառայությունը:
Լոնդոնյան Հիթրոու եւ Գատվիկ օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել ավելի քան 100 չվերթներ: Բացառություններ կարվեն միայն արտակարգ դեպքերում: Փորձագետների կարծիքով, հրաբխային մոխրի ամպը կարող է վնասել ավիացիոն շարժիչների աշխատանքը:
Ավիաչվերթները չեղյալ հայտարարելու որոշում են կայացրել նաեւ Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Նորվեգիայի իշխանությունները:
Միեւնույն ժամանակ, AFP-ի տվյալներով, Իսլանդիայում ավիացիոն տրանսպորտի աշխատանքը չի խաթարվել, քանի որ քամին արագորեն տանում է հրաբխային մոխիրը:
Էյիյաֆյալլայեկյուլե հրաբխի ժայթքումը Իսլանդիայի հարավում հանգեցրել է սառույցի հալման եւ խոշոր ջրհեղեղների: Դեռ ժայթքումից առաջ Իսլանդիայի իշխանությունները տարհանել են մոտ 800 հոգու:




























