Փետրվարի 6-ին մեկնարկել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը: Գլխավոր «Ոսկե արջ» մրցանակին հավակնում է 20 ֆիլմ: Բեռլինի 64-րդ կինոփառատոնը մեկնարկել է Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմի ցուցադրմամբ:

Այս տարվա փառատոնի «Պանորամա» ծրագրում ներկայացված շուրջ 30 ֆիլմերի շարքում ներկայացված է նաեւ ֆրանսիացի 46-ամյա ռեժիսոր Գիյոմ Նիկլուի «Միշել Ուելբեկի առեւանգումը» ֆիլմը, որը ինչ-որ չափով լույս է սփռում ֆրանսիացի ժամանակակից գրող Միշել Ուելբեկի՝ 2011թ. մի քանի օրով «անհետանալու» պատճառների վրա:

2011թ., երբ Ուելբեկը պետք էր Նիդերլանդներում եւ Բելգիայում ներկայացներ իր նոր «Քարտեզ եւ տարածք» գիրքը, մի քանի օրով անհետացավ եւ չմասնակցեց գրքին նվիրված միջոցառումներին:

Միայն օրեր անց  հեռախոսներից ու էլեկտրոնային փոստից խուսափող գրողը հայտնվեց, իսկ նրա «անհետացման» պատճառներն այդպես էլ անհայտ մնացին:

Կինոքննադատների կարծիքով, ֆիլմն առանձնանում է Ուելբեկին բնորոշ սուր ինքնաքնադատությամբ եւ հումորով՝ չնայած Ուելբեկը ֆիլմի սցենարի հետ որեւէ կապ չի ունեցել: