Ինչպես հայտնի է, ցանկացած ֆուտբոլային խաղում բացի մրցող կողմերից, կան նաեւ դատավորներ (երեքը), երկրպագուներ, մարզիչներ եւ նույնիսկ, խաղի տեսուչ: Ֆուտբոլի դիտարժանությունը մեծամասամբ պայմանավորված է խաղի արդյունքի շուրջ ինտրիգով՝ այն կարող է ավարտվել ոչ-ոքի, կամ էլ կողմերից մեկի հաղթանակով: Որպես կանոն, ֆուտբոլային մասնագետները խաղի հնարավոր վերջաբանի մասին իրենց կանխատեսումներն անում են՝ հիմնվելով թիմի ռեյտինգի, նրա ուժեղ եւ թույլ կողմերի մասին տեղեկությունների վրա: Սակայն, երբեմն, ֆուտբոլն անակնկալներ է մատուցում՝ ցանկացած թույլ թիմ կարող է հաղթանակի կամք ցուցաբերել եւ հաղթահարել ավելի անվանի մրցակցին: Այդ գործում նրան կարող է օգնել հանդիսատեսների աջակցությունը, մարզչի խելացի մարտավարությունը, լինում է՝ մրցավարի կողմնակալությունը: Սա ֆուտբոլի, որպես մրցաձեւի, մասին:
Բայց պարզվում է՝ կարող է լինել նաեւ քաղաքական ֆուտբոլ: Այստեղ, ոչ այնքան հստակ կանոների պարագայում, խաղը ոչ պակաս դիտարժան ու անկանկալներով լի է:
Այս տարվա հոկտեմբերին մենք Հայաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ խաղի երկրորդ խաղակեսի ականատեսը կլինենք: Առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի, սակայն խաղի ընդհանուր մթնոլորտը, առաջին խաղակեսում կողմերի վատնած ուժերը, հանդիսատեսների եւ մրցավարների տրամադրվածությունը թույլ է տալիս խաղավարտի վերաբերյալ որոշ կանխատեսումներ անել:
Խաղն այդ անվանվել է պատմական: Մրցող կողմերն իրար չեն հանդիպել շուրջ հարյուր տարի: Այդ ժամանակահատվածում երկու թիմերի երկրպագուները հասցրել են իրար նկատմամբ ծայրահեղ անվստահությամբ լցվել: Կարելի է ենթադրել, որ խաղի անցկացման նախաձեռնողները քաղաքական ֆուտբոլի ամերիկյան երկրպագուներն են: Նրանք առանձնահատուկ կապեր ունեն թուրքական թիմի հետ, առանձնակի պարտավորություններ հայկական թիմի երկրպագուների առջեւ, բայց, ամենագլխավորը, առանձնակի հետաքրքրություն տարածաշրջանային մրցաշարային ազյուսակի հանդեպ, որում վերջերս լուրջ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես ռուսաստանյան ընտրանու կողմից ջախջախիչ պարտությունից հետո Վրաստանի հավաքականն իր դիրքերը զիջեց Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին՝ թեժացնելով վերջիններիս միջեւ մրցակցությունը: Տարածաշրջանային ենթախմբում Ռուսաստանի աներկբա առաջնորդությունը մյուս հավաքականներին բոլորովին չի բավարարում, մասնավորապես թուրքական եւ ամերիկյան թիմերին, առավել եւս, որ հայկական հավաքականի ամրացող դիրքերը միայն նպաստում են այդ առաջնորդությանը:
Բայց հեռանանք ֆուտբոլային տերմինաբանությունից…
Այսօր արդեն ակնհայտ է, որ հայ-թուրքական բարելավման անգամ ակնարկն ամբողջությամբ ձեւափոխեց ղարաբաղյան կարգավորման տրամաբանությունը: Եւ դա չնայած արեւմտյան դիվանագետների հավաստիացումներին, թե այդ երկուսն իրար հետ շաղկապված չեն, այլ զուգահեռ ընթացող գործընթացներ են: Բաքվում նրանց չեն հավատում եւ շատ էլ ճիշտ են անում:… Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությունը չէր մտնում եւ չի մտնում Ալիեւի ծրագրերի մեջ, քանի որ զրկում է հիմնական հաղթաթղթից՝ Հայստանի մեկուսացման մասին ճամարտակելու հնարավորությունից: Եւ այդ պատճառով էլ ադրբեջանական նախագահի՝ Երեւանի եւ Անկարայի միջեւ «ճանապարհային քարտեզի» հայտարարումից հետո մեկնարկած ռազմավարությունը որեւէ առնչություն չուներ ֆուտբոլում ընդունված fair play-ի կամ՝ «ազնիվ խաղի» սկզբունքների հետ:
Թուրքիային զայրացնելու համար Ալեիւը գնաց Մոսկվայի հետ մերձեցման, թեեւ իր կառավարման ողջ ընթացքում ռուսաստանյան քաղաքականության շահերից բխող որեւէ քայլ չէր կատարել: Ադրբեջանը շարունակում է ՎՈՒԱՄ-ի անդամը լինել, պատարստվում է մտնել ՆԱՏՕ, աջակցում է Nabucco եւ Տրանսկասպիական գազատարի նախագծերին: Ադրբեջանը շարունակում է մատակարարել վարձկաններ Հյուսիսային Կովկաս եւ էներգակիրներ՝ Վրաստան:
Ի՞նչը կարող էր շահագրգռել Մոսկվային, ինչո՞ւ ռուսաստանյան կողմը մի կողմ դրեց ռազմաքաղաքական շահերը, ՀԱՊԿ ապագան, Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները եւ երկխոսություն ծավալեց Բաքվի հետ: Ինչո՞ւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Նարիշկինը երկու արտասահմանյան շրջագայություն է կատարել, երկուսն էլ՝ Բաքու: Ինչի՞ մասին են այսօր Բաքվում զրուցում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու նրա ռուսաստանցի գործընկերը, որը լսում է Աբիեւի սպառնալիքները՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հասցեին:
Բանն այն է, որ Մոսկվան, չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգռվածություն է ցուցադրում, գործնականում չի պատկերացնում, թե ինչ ռեժիմով է կառուցելու իր տարածաշրջանային քաղաքականությունը՝ ուժերի վերադասավորման դեպքում: Եւ այդ պատճառով էլ Բաքվի՝ տարածաշրջանում ցանկացած դրական փոփոխությունը խոյահարելու քաղաքական գիծն ամբողջությամբ բավարարում է Մոսկվային: Բայց Մոսկվայում չեն կարող չհասկանալ , թե որն է Ադրբեջանի վերջնական նպատակը: Ադրբեջանի վերջնական նպատակը նույնությամբ կապկում է թուրքական ռազմավարությունը՝ դուրս մղել Ռուսաստանին Կովկասից եւ առավելագույնս չեզոքացնել հայկական գործոնը:
Ի՞նչ խաղ է խաղում Ռուսաստանը՝ վերջնարդյունքում զարմանալով, որ իր դիրքերը հետխորհրդային տարածքում տարեցտարի թուլանում են: Դա նույնիսկ ֆուտբոլ էլ չէ, այլ ինքնասպանություն: Գործընկերոջն անհրաժեշտ պահին աջակցելու ցանկության բացակայությունը, նրա թշնամու հետ գործարքի գնալն ու խաղի սեփական կանոնների չիմացությունը՝ պարտվելու անշեղ ճանապարհ են:




























