Երիտասարդների իրավունքների պաշտպանության և երկրի հասարակական-քաղաքական կյանքում նրա դերի բարձրացման նպատակ հետապնդող Ադրբեջանի երիտասարդական «Քեդեֆ» կոալիցիայի ղեկավար Աղասիֆ Շաքիրօղլուն դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման,- հաղորդում է ադրբեջանական «Էխո» հրատարակությունը։ Երիտասարդ ակտիվիստին ներկայացվել է զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանք, իսկ նախօրեին դատարանը դռնփակ նիստում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 1-ամսյա կալանքը։
Շրջանային դատախազությունում Շաքիրօղլուին հայտնել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում զինկոմիսարիատ ներկայանալու 4 ծանուցագիր են ուղարկել, սակայն նա չի ներկայացել, և այդ պատճառով էլ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իսկ երիտասարդն ինքը պնդում է, որ իր դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են։ Ըստ Շաքիրօղլուի, նա միշտ զբաղվել է հասարակական ու քաղաքական բաց գործունեությամբ, մասնակցել է հրապարակային միջոցառումներին և ոչ ոքից չի թաքնվել։ Ակտիվիստը կարծում է, որ իր ձերբակալությունը կրում է «քաղաքական բնույթ և վերջին ժամանակներս նոր թափ ստացած երիտասարդ ակտիվիստների հետապնդման կամպանիայի բաղկացուցիչ մասն է»։ Մասնավորապես, Շաքիրօղլուն կարծում է, որ իրեն հետապնդում են ինտերնետում պաշտպանության նախարարության հասցեին իր քննադատական արտահայտությունների համար։ Շաքիրօղլուի ձերբակալման քաղաքական բնույթի մասին է պնդում նաև վերջինիս փաստաբան Նովելլա Ջաֆարովան, ըստ որի, իր պաշտպանյալը բազմիցս ներկայացել է զինկոմիսարիատ, սակայն ոչ մի ծանուցագիր էլ չի եղել. «Շաքիրօղլուին զինված ուժեր զորակոչելու փոխարեն՝ ձերբակալեցին նրան ու նստեցրին 1 ամսով։ Ինձ համար անհասկանալի է երիտասարդ ակտիվիստների որսը»։
Նշենք, որ Շաքիրօղլուն վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալված արդեն երրորդ երիտասարդ ակտիվիստն է։ Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, ձերբակալվել էին «Օլ» («Եղի՜ր») երիտասարդական շարժման առաջնորդ 26-ամյա Ադնան Հաջիզադեն ու «Alumni Network» երիտասարդական ցանցի 30-ամյա ղեկավար Էմին Միլլին, այն բանից հետո, երբ հարձակման էին ենթարկվել «Լիվան» ռեստորանում։
Հիշեցնենք, որ Երևանում նախօրեին ազատ է արձակվել «Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։




























